Սիդնեյի 34-ամյա բնակիչ Դեւիդ Տարասենկոն դարձել է նոր iPad  պլանշետային համակարգչի առաջին գնորդն Ավստրալիայում, որտեղ բոլորից շուտ է սկսվել սարքի պաշտոնական վաճառքը:

Apple-ը մարտի 16-ին սկսում է երրորդ սերնդի պլանշետային  iPad համակարգչի վաճառքը: Բոլոր խանութները պետք է բացվեն  տեղական ժամանակով առավոտյան 8-ին: Սակայն Ավստրալիայում նոր սարքերն առաջինն է սկսել վաճառել ոչ թե պաշտոնական Apple Store-ը, այլ կապի տեղական օպերատոր  Telstra-ն, որն սկսել է նոր  iPad-ի իրացումն իր գրասենյակներում անմիջապես կեսգիշերն անց` չսպասելով  Apple-ի խանութների բացմանը, հայտնում է Reuters-ը:

Անմիջապես կեսգիշերն անց կսկսեն վաճառել նաեւ նոր  iPad-ն ԱՄՆ-ում` Wal-Mart-ի եւ Best Buy-ի առանձին խանութներում, հայտնում է Mashable-ը: Բացի դրանից Նյու Յորքի բնակիչները կեսգիշերից հետո կարող են սարքը գնել Յունիոն հրապարակի  Best Buy-ի շուրջօրյա խանութում: 

Ինչպես հայտնում է  «Վզգլյադը», պլանշետի հերթն արդեն դարձել է յուրօրինակ բիզնես. այսպես,  Նյու Յորքի Հինգերորդ ծառուղում գտնվող  Apple-ի խանութի մոտ ահագին հերթ է գոյացել, որտեղ երրորդ տեղը վաճառվում է  1,5 հազար դոլարով:

Հերթում առաջինը ճանապարհային նախկին աշխատող Գրեգ Փեքերն է, որն իր տեղն զբաղեցրել է երկուշաբթի օրը: Մինչեւ վաճառքի սկսվելը  12 ժամ առաջ Apple-ի խանութի մոտ հերթն արդեն կազմում է 100 մարդ: Բոլոր այդ մարդիկ մտադիր են գիշերն անցկացնել փողոցում: Նրանք հիմնավորապես պատրաստվել են, ինչ-որ մեկը վերմակներով է ծածկվել, տեղավորվելով տնից բերված բազկաթոռներին, իսկ ուրիշն էլ` քնապարկերում:  

Լոնդոնում Apple Store-ի խոշորագույն խանութներից մեկում հերթում նոր iPad-ի համար չորրորդ տեղը հանվել է օնլայն-աճուրդի eBay-ում:  Օգտվողներն արդեն 13 խաղադրույք են արել, իսկ տեղի գինը հասել է մինչեւ 76 ֆունտի: