Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական միությունը համեմատել է նախկին Խորհրդային միության հետ:

Ելույթ ունենալով այն կապակցությամբ, որ կազմակերպությունը որոշում է ընդունել ժամանակավորապես դադարեցնել Հունգարիային տրամադրվող օգնությունը` բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով, նա հայտարարել է, որ երկիրը ենթարկվում է օտարերկրյա պետությունների թելադրանքին, ինչպես հետպատերազմական ԽՍՀՄ-ի գերիշխանության ժամանակ էր:

Միաժամանակ, եվրոպական քաղաքական շատ գործիչներ հայտարարում են օրբանի կառավարության բռնատիրության մասին, հաղորդում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

 «Ռոսիսկայա գազետա»-ի տվյալներով, Բուդապեշտում միաժամանակ ինչպես վարչապետ Վիկտոր Օրբանին աջակցող, այնպես էլ նրա դեմ մի քանի հանրահավաքներ են տեղի ունեցել:

250 հազար մարդ է հավաքվել վարչապետին աջակցելու, որը հայտարարել էր, որ Հունգարիան ԵՄ-ի գաղութ չի դառնա: Տեղի հասարակական կազմակերպությունների եւ ուսանողական խմբերի կազմակերպած ընդդիմության հանրահավաքներից մեկում ընդամենը մի քանի հազար մարդ է հավաքվել:

Եվրամիության իշխանություններն ավելի վաղ հաղորդել էին, որ կսառեցնեն Համագործակցության հիմնադրամից Հունգարիային 2013թ. միջոցներ հատկացնելը, եթե երկիրը չկրճատի բյուջեի դեֆիցիտը: Եվրահանձնաժողովի դժգոհությունները պայմանավորված են Օրբանի  կուսակցության ընդունած մի շարք օրենքներով, որոնք, ԵՀ-ի կարծիքով, խոչընդոտում են Հունգարիայի կառավարությունից Կենտրոնական բանկի անկախությանը  եւ սահմանափակում են Սահմանադրական դատարանի աշխատանքը: