Թերթը գրում է, որ շաբաթ օրը Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը նիստ է հրավիրելու եւ, ի շարս այլ հարցերի, քննարկելու է նաեւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող, այդ թվում՝ նաեւ կուսակցության համամասնական ցուցակի ու նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը: «Առավոտ»-ի  հարցին ի պատասխան՝ ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, թե մինչ այժմ տեղի ունեցած նիստերում եւս ԳՄ-ն քննարկել է համամասնական ցուցակի ձեւավորման սկզբունքներին առնչվող խնդիրները, բայց անհատների խնդիր դեռ չի քննարկվել. «Շաբաթ օրը, ենթադրում եմ, մեր ցուցակը վերջնական տեսքով պատրաստ կլինի»:  Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է առավելապես ՀՅԴ-ի համամասնական ցուցակին, քանի որ մեծամասնական ընտրակարգով առաջադրումների համար դեռ ժամանակ կա, թեեւ, ըստ Սպարտակ Սեյրանյանի, դա էլ շաբաթ օրը որոշակիորեն արդեն ուրվագծված կլինի:

Մեր հարցին՝ համամասնական ցուցակում, այսպես կոչված՝ անցողիկ տեղերում, նոր դեմքեր լինելո՞ւ են, Սեյրանյանն արձագանեց. «Նոր մարդիկ բնականաբար եւ անշուշտ կլինեն: Իսկ «անցողիկ» ասվածը մի քիչ հարաբերական հասկացություն է, բայց ամեն դեպքում մեր համամասնական ցուցակում նորություններ անպայման կլինեն»,- գրում է «Առավոտ»-ը: