Թուրքիայում Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի կողմից հայերենի դասընթացներ են բացվել:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ`Սուրի քաղաքապետարանի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, թե հայերենի դասընթացները բացվել են քաղաքապետարանի կողմից կազմակերպված տարբեր լեզուներով իրականացվող ծառայությունների շրջանակում: «Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշի մասնակցությամբ բացված հայերենի դասընթացներին մասնակցում են 41 հոգի: Դասընթացները կտեւեն 3 ամիս»,-նշվել է հայտարարության մեջ:

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Սուրի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը թուրքերենով եւ հայերենով հրատարակել է հայկական մի շարք հեքիաթներ, այդ թվում Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ նաեւ Դիարբեքիրը ներկայացնող տուրիստական ուղեցույցը տպագրվել է նաեւ հայերենով։  Սուրի շրջան մտնող ճանապարհների մոտ դրված ցուցանակների վրա կա նաեւ հայերենով գրված «Բարի եկաք» գրությունը:

Սուրի քաղաքապետը նշել էր, որ իրենք ջանքեր են գործադրում, որպեսզի Թուրքիայում հայերենը, քրդերենը, ասորերենը եւ մյուս լեզուները զարգանան: «Մեր պատմության մեջ այդ ազգերի նկատմամբ  ցավալի իրադարձություններ են կատարվել: Թուրքիան արդեն պետք է առեւերսվի իր պատմության հետ եւ այս ժողովուրդներից պետք է ներողություն խնդրի»,-ասել էր Սուրի քուրդ քաղաքապետը: