NEWS.am-ի տեղեկություններով, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում քրեական հեղինակություններ՝ «Դելֆին» մականունով Սուրեն Ստեփանյանի եւ «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանի միջեւ տեղի ունեցած «ռազբորկայի» գործով,  այսօր` մարտի 16-ին, ձերբակալվել է նաեւ Գյուլբուդաղյանը, ով ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Էրեբունիի բժշկական կենտրոն: Նա զուգահեռաբար դեռեւս ստացիոնար բուժում է ստանում:

Ավելին` Կոտայքի քննչական բաժնում նոր քրեական գործ է հարուցել  քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, քանի որ «Սալդատը»  մինչեւ հրազենային վնասվածք ստանալը կացնով  փորձել է հարվածել «Դելֆինի» եղբորը եւ «Դելֆինը» փորձել է պաշտպանվել իր ձեռքի  հարազենով եւ կրակել է «Սալդատի» ոտքին:

Ավելի վաղ` տեղեկացրել էինք, որ մարտի 14-ի գիշերը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում քրեական հեղինակություններ՝ «Դելֆին» մականունով Սուրեն Ստեփանյանի եւ «Սալդատ» մականունով Անդրանիկ Գյուլբուդաղյանի միջեւ տեղի ունեցած ռազբորկայից ժամեր անց Ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել 1967 թ. Ծնված Սուրեն Ստեփանյանը: Նրան ոստիկանները հայտնաբերել են Սեւան քաղաքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին ոստիկանության լրատվության վարչությունից: Իսկ դեպքը տեղի է ունեցել Բալահովիտ գյուղի 16-րդ թաղամասում, որտեղ հայտնաբերվել է հինգ պարկուճ: Հայտնաբերվել է նաեւ ատրճանակը, որով «Դելֆինը» կրակել էր «Սալդատի» ձախ ոտքին: Հարուցվել էր քրեական գործ քրօր-ի 113 եւ 235-ի հոդվածներով եւ Սուրեն Ստեփանյանը ձերբակալվել էր: Ի դեպ, «Դելֆինի» ու «Սալդատի» միջեւ վիճաբանություն հաճախ է եղել: NEWS.am -ի տեղեկություններով մի քանի ամիս առաջ Սուրեն Ստեփանյանն ու Անդրանիկ Գյուլբուդաղյանը դարձյալ վիճել են, ինչից հետո Գյուլբուդաղյանը դանակով հարվածներ է հասցրել Ստեփանյանի դեմքին:  Ի դեպ, «Սալդատը» ժամանակին եղել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամներից, հետո տարաձայնություններ է ունեցել ԲՀԿ ղեկավարի հետ եւ հեռացել: Անցած խորհրդարանական ընտրություններում էլ լուրջ ծառայություն է մատուցել ԲՀԿ-ին: Ավելին` «Սալդատը» ժամանակին մի քանի անգամ դատապարտված է եղել ազատազրկման: