Երեւանում, մարտի 15-ին, կայացել են միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Գեւորգյանը, սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը եւ արտգործնախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը: Բելառուսական կողմը ներկայացնում էին Բելառուսի ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Նիկոլայ Դեմչուկը եւ տեղեկատվության վարչության պետ, մամլո խոսնակ Ստեպան Սուխորենկոն:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին Բելառուսի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ այլ ոլորտներում: Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ հանրային դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: