Այսօր` մարտի 16-ի առավոտից խցանված է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակից դեպի Ալավերդի ընթացող հատվածը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):
Մոտ 30 մեքենաներ արգելափակվել են ճանապարհին` մերկասառույցի պատճառով: Այստեղ են նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ Լոռիի մարզի փրկարարները:
Դեպքի վայրում աշխատանքներ են փորձում իրականացնել Լոռիի «Ճանշինի» աշխատակիցները, սակայն այստեղ կարելի է տեսնել ընդամենը 2 դատարկ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենաներ, իսկ «Ճանշինի» աշխատակիցները պարզապես սարից հող են բահերով վերցնում, որպեսզի ճանապարհը լցնեն: Ճանապարհին մի քանի վթարներ են տեղի ունեցել: Մեքենաների երթեւեկությունը վտանգավոր է:
Արգելափակված մեքենաների վարորդները մեզ հետ զրույցում նշեցին, որ ճանապարհը սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչները եկել են, բայց նրանք նշել են, որ ավազն ու աղը վերջացել է: Վարորդներն իրենց ուժերով են հող լցնում ճանապարհներին, որ մեքենաները դուրս բերեն: Նրանց օգնում են «Ճանշինի» երկու բանվորները:

























