«Կարեւորագույն խնդիրն այն է, որ կարողանանք ընտրությունները դարձնել իշխանությունը փոխելու միջոց»,- այս մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, նշելով, որ ողջունում է «Ազատ դեմոկրատների» մուտքը քաղաքական դաշտ, որովհետեւ այն տեղի է ունենում բախտորոշ ժամանակաշրջանում:

«Իշխանություններն ընտրել են ոչ թե ընտրվելու, այլ` վերարտադրվելու ճանապարհը: Անհրաժեշտ է աննախընթաց համագործակցություն, որ կարողանանք ընտրություններն անցկացնել ազատ եւ արդար: Պետք է վեր կանգնենք հատվածական շահերից: Միայն վերարտադրությունը կանխելը բավարար չէ, պետք է արմատախիլ անել արատավոր համակարգը: Մենք բազմաթիվ ծրագրեր կարող ենք համախմբված իրականացնել եւ ունենալ մեր ուզած երկիրը»,- իր ելույթում նշեց Ռուստամյանը:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանն էլ նշեց. «Մենք տարբեր գեոքաղաքական բեւեռներում ենք, բայց ուզում եմ, որ «Ազատ դեմոկրատները» հաղթեն: Եթե այնպես ստացվի, որ ընտրություններն անցնեն սովորականի պես, մենք ձեզ կսպասենք փողոցներում»:

Պահպանողական կուսակցության նախագահ ՄԻքայել Հայրապետյանն իր խոսքում ցանկություն հայտնեց, որ դասական իմաստով կուսակցություն ծնվի, ինչը չի ստացվել ոչ մի կուսակցության մոտ:

«Անհամբեր սպասում ենք այն կուսակցությանը, որն առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր կարեւոր խնդիրը Ռուսաստանի տիրապետությունից դուրս գալն է, ՀԱՊԿ-ի պես փտած կառույցից դուրս գալը: Մեր անվտանգության երաշխիքն Արեւմուտքն է: Քանի դեռ այստեղ են գտնվում ռուսական օկուպացիոն զորքերը, Հայաստանում շարունակվելու է ընտրական գործընթացների լլկումը:

Ուզո՞ւմ ենք համակարգային փոփոխություններ, բյուզանդական սպառված համակարգը փոխարինել արեւմտյան քաղաքակրթությամբ: Մաղթում եմ, որ «Ազատ դեմոկրատներին» վերջապես հաջողվի բացել ԿԳԲ-ի արխիվները, կուսակցությունը դառնա քաղաքացիական արիության եւ ոչ ստանդարտ մտածողության գեներատոր»,-հայտարարեց Միքայել Հայրապետյանը:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց. «Մենք սարեր ենք շարժելու միասին»: