Հայաստանը եւ Գերմանիան մտադիր են խորացնել եւ ամրապնդել համագործակցությունը: Այդ մասին հայտարարվել է, այսօր` մարտի 16-ին, Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքով, հանդիպումները մշտական բնույթ են կրում, ինչի համար օգտագործվում են ոչ միայն այցերը, այլ նաեւ միջազգային միջոցառումների շրջանակներում ընձեռնված հնարավորությունները: Խոսելով մամուլի ասուլիսից առաջ կայացած հանդիպման մասին` Նալբանդյանը նշել է, որ դա լավ հնարավորություն էր երկկողմ, միջազգային եւ տարածաշրջանային հարաբերությունները քննարկելու համար:

Հիշեցնելով, որ այս տարի լրացել է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին, եւ այդ ընթացքում լուրջ առաջընթաց է ձեռք բերվել տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման գործում, նախարարը նշել է, որ երկու կողմերի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ 4 հարյուր միլիոն դոլար, ընդարձակվում է առեւտրա-իրավական դաշտը, արդեն ստորագրվել են մոտ 30 փաստաթղթեր, պատրաստվում են նոր փաստաթղթեր, որոնց ստորագրումը հնարավոր է մոտ ապագայում:

Շնորհակալություն հայտնելով գերմանական կողմին օժանդակության համար, մասնավորապես տեխնիկական առումով, նախարարը նշել է, որ երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգանում են ապակենտրոն համագործակցությունը, զարգանում են հարաբերությունների ԱԳՆ-ների միջեւ, լավ ձեւաչափ է ընտրված Հայաստան-ԵՄ-ի համագործակցության եւ «Արեւելյան համագործակցության» ծրագրի շրջանակներում:

Իր հերթին, Գիդո Վեսթերվելլեն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները ջերմ են եւ հիմնված են վստահության վրա: Նրա խոսքով, Գերմանիան տեսնում է Հայաստանի տնտեսական զարգացումը, եւ մտադիր է օժանդակել դրա զարգացմանը որպես իրավական պետություն: