Իրավաբան Ջոն Բրաունը, ով հայտնի է 26 մարդ սպանած մոլագար Թեդ Բանդիի եւ հայտնի գող «բոկոտն բանդիտի»` Քոլթոն Հարիս Մուրի պաշտպանությունը ստանձնելով, այժմ որոշել է ստանձնել նաեւ Աֆղանստանում սպանդ կազմակերպած զինվորի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Թեդ Բանդիին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի վրա, իսկ Հարիս Մուրը դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման:
Նոր պաշտպանյալի մասին միայն հայտնի է, որ նա 38 տարեկան է, ծագումով Միջին Արեւմուտքից: Նա ավելի վաղ ծառայել է Իրաքում, որտեղ ուղեղի ցնցում է ստացել եւ կորցրել ներբանի մի հատվածը: Բրաունը նշել է, որ անհասկանալի է, թե ինչպես են նրան այդ վնասվածքներով ծառայությանը պիտանի ճանաչել եւ ուղարկել հերթական թեժ կետ, հաղորդում է Lenta.ru-ն:
Մարդասպանի դրդապատճառները դեռ հայտնի չեն: Իրավաբանը ենթադրում է, որ նա կարող է հանցագործություն կատարել սթրեսի պատճառով, քանի որ մեկ օր առաջ նա տեսել է, թե ինչպես է իր զինակիցը կորցնում ոտքը: Սակայն, լրատվամիջոցների պնդմամբ, մահմեդականների հանդեպ հակակրանք չեր զգում եւ ընդհանրապես «մեղմ» մարդ էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ծառայություն իրականացնող ամերիկյան զինվորը մարտի 10-ին դուրս է եկել երկրի հարավում գտնվող ռազմակայանի սահմաններից եւ սկսել է կրակել խաղաղ բնակիչներին: Հրաձգության արդյունքում զոհվել է 16 խաղաղ բնակիչ, եւս հինգը վիրավորվել է: Նախագահ Համիդ Քարզայը հայտարարել էր, որ տեղի է ունեցել անմեղ քաղաքացիների կանխամտածված սպանություն, եւ այն չի կարող ներվել:


























