«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համար այսօր պատմական օր է, քանի որ կուսակցությունն իմաստավորում է իր անցած ուղին: Այս մասին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարի իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
«Մեզ շատ են հարցնում, թե քաղաքական դաշտում գործող կուսակցությունների առատության պայմաններում ինչու ստեղծվեց «Ազատ դեմոկրատները»: Ազատական գաղափարներով առաջնորդվող մի խումբ գործիչներիս մտահոգություններն են, որ հանգեցրեց մեր միավորմանը:
Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատումը, ազատ տնտեսական հարաբերությունները եւ քաղաքացիական հասարակության հասնելու ձգտումն է, որ միավորեց մեզ:
Առանց ազատականության պետությունը չի կարող հեռուն գնալ: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել ազատականության մասին, բայց 20 տարում շատ կուսակցություններ, ցավոք, հայտարարում, բայց առաջնորդվում են քաղաքական կոնյունկտուրայով»,-հայտարարեց Քոքոբելյանն ու հավելեց, որ դա վերաբերում է թե’ իշխանությանը, թե’ ընդդիմությանը:
«Ազատ դեմոկրատները» նոր ուժ են նոր Հայաստանի համար: Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ; Մենք կարող ենք անել այդ փոփոխություննները»,-ասաց նա:
Այնուհետեւ անդրադառնալով «Ժառանգության» հետ իրենց հարաբերություններին, Քոքոբելյանն ասաց. «Մենք ուզում ենք «Ժառանգության» հետ կազմել արդար դաշինք, որը կլինի իրավահավասար եւ ժողովրդավարական, կլինի վեր կուսակցական գործընթացներից: Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:




























