Սկսվել է Շվեյցարիայում ավտոբուսի սոսկալի վթարի զոհերի մարմինների տեղափոխումը հայրենիք: 28 երեխաների եւ մեծահասակների մարմիններ տեղափոխող Բելգիայի ռազմաօդային ուժերի իդանավը Բելգիա է թռել Վալեի Սյեր քաղաքի օդանավակայանից: Ավիափոխադրամիջոցը վայրէջք կկատարի Բրյուսելից ոչ հեռու գտնվող  Մելքրիքի ռազմական օդանավակայանում: 

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մամուլի մուտքն այնտեղ արգելված է եղել: Թռիչքուղու մոտ հրաժեշտի արարողությունից հետո, որը քողարկված է եղել կողմնակի մարդկանց համար, շվեյցարացի ոստիկանները խիտ շարքով շրջափակել են թռիչքի վայրը, որտեղ ինքնաթիռներն արդեն գործի էին դրել շարժիչները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի» տվյալների` դատափորձագետները հաստատել են բոլոր մահացածների ինքնությունը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք երեխաների մարմիններ չճանաչված են մնում: Վալեի ոստիկանությունը հայտարարել է, որ  իրենք դիմել են բացառիկ միջոցների, որպեսզի երկու օրվա ընթացքում ճանաչվեն ավտովթարի բոլոր զոհերը: 

Ավտոճանապարհային պատահարում բոլոր ողջ մնացածները մինչեւ մարտի 18-ն աստիճանաբար կտեղափոխվեն Բելգիա: Շվեյցարիայի հիվանդանոցներում կմնան միայն երեք երեխաներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: 

Հիշեցնենք, որ մարտի 16-ի առավոտյան Բելգիա է ժամանել փրկված  երեխաների առաջին խումբը:  Ութ երեխաներին եւ նրանց հարազատներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մելքրիքի օդանավակայանում, որից հետո նրանք հեռացել են ոստիկանության ուղեկցությամբ:

Վթարը տեղի էր ունեցել  Վալեի շվեյցարական Սյեր քաղաքի շրջանում մարտի 13-ին: Ավտոբուսը, որում գտնվել է 52 մարդ, կորցրել է կառավարումը եւ բախվել թունելի պատին: Վթարի զոհ է դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխաներ: Եւս 24 դպրոցականներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ: