Մոլդովան, վերջապես, նախագահ ունի: Նիկոլայ Տիմոֆթիի օգտին քվեարկել է 62 պատգամավոր, ովքեր մասնակցել են խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը: Նախագահ ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր հավաքել 61 ձայն:

Այդպիսով, նախագահի ընտրությունները համարվում են կայացած, եւ Տիմոֆթին դարձել է Մոլդովայի նորագույն պատմության թվով 4-րդ նախագահը:

Նրա թեկնածությունը պաշտպանել են բոլոր երեք կուսակցությունների 58 պատգամավորներ, ովքեր ընդգրկված էին երկրի իշխող` Եվրոպական ինտեգրացիայի համար ալյանսի մեջ: Այդ թեկնածուին օժանդակելու մասին հայտարարել է նաեւ անկախ պատգամավոր Միխայ Գոդը, ինչպես նաեւ խորհրդարանի երեք պատգամավոր` Իգոր Դոդոնի գլխավորությամբ, ովքեր Կումունիստների կուսակցության դաշինքից դուրս գալուց հետո ձեւավորել են սոցիալիստների խմբավորումը, հաղորդում է RBC-ն:

Մոլդովայում չեն կարողանում նոր նախագահ ընտրել 2009-ից հետո, երբ իր նախագահական լիազորությունները վայր էր դրել Վլադիմիր Վորոնինը: Այդ ընթացքում երեք նախագահ է փոխվել Մոլդովայում: