Օդերեւութաբանական տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում վերջին 80 տարիների կտրվածքով տարեկան միջին ջերմաստիճանն աճել է 0.85 0C-ով, իսկ տեղումները նվազել են 6%-ով: Այդ մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ: Ընդ որում` ջերմաստիճանի եւ տեղումների փոփոխությունները Հայաստանի տարածքի տարբեր շրջաններում եւ տարբեր սեզոններում ունեն տարբեր միտումներ:
Կատարված հաշվարկների համաձայն` 2030, 2070, 2100 թվականների կտրվածքով կանխատեսվում է ջերմաստիճանի նշանակալի եւ անընդմեջ աճ, հատկապես գարնան ու ամռան ամիսներին: Դա կարող է հանգեցնել գետային հոսքի նվազեցման, ինչն էլ կանդրադառնա գյուղատնտեսության վրա` առաջացնելով պարենային ապահովվածության մակարդակի նվազում:



























