Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունները շարունակվում են, եւ դա կրկին կապված է Գուբայում մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի հետ: Ադրբեջանական Gunxeber.com կայքի հաղորդմամբ, ձերբակալվել են նաեւ Գուբայի «Խելայ» հեռուստաընկերության աշխատակիցները, մասնավորապես մենեջեր Զաուր Մուստաֆաեւը եւ օպերատոր Վահիդ Իբրահիմովը: Տեղեկության համաձայն, նրանք ձերբակալվել են Գլխավոր դատախազության հրահանգով եւ տեղափոխվել Բաքու:
Նշենք, որ մարտի 14-ին ձերբակալվել էին վերոնշյալ հեռուստաընկերության «Խելայ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուղար Գոնագովն է, մյուսը` գլխավոր խմբագիր Զաուր Գուլիեւը: Բերման էր ենթարկվել նաեւ Քաղաքացիական հասարակության զարգացմանը օժանդակող միության նախագահ, «Պոլիգոն» լրատվական գործակալության Գուբայի թղթակից Ջեմիլ Մեմեդլին:
Gunxeber.com-ը նշում է, որ նրանց մեղադրում են Գուբայի իրադարձությունների ժամանակ արված նկարահանումները սոցիալական ցանցերում տարածելու եւ YouTube կայքում տեղադրելու մեջ: Ընդ որում, լրագրողների ձերբակալության փաստը հաստատել են նրանց հարազատները եւ նշել, որ նրանց ճակատագրի մասին առայժմ իրենց ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ: Ավելի ուշ գործադիր իշխանության ղեկավարը հրաժարական է տվել եւ հեռացվել պաշտոնից:




























