Շվեյցարիայում վթարված ավտոբուսի վարորդը վթարից մի քանի վայրկյան առաջ փորձել է սկավառակը տեղադրել DVD-նվագարկչում: Այս մասին ծնողներին պատմել են վթարից փրկված երեխաները:

Այժմ քննիչները ուսումնասիրում են տվյալ վարկածը, թեեւ տրանսպորտային միջոցի սեփականատեր ընկերությունը հերքում է տվյալ տեղեկատվությունը` հիմնվելով այն բանի վրա, որ ավտոբուսի կոնստրուկցիան ուղեւորներին հնարավորություն չի ընձեռում տեսնել վարորդի գործողությունները: Թունելի հսկող տեսախցիկը եւս վարորդների նման գործողություններ չի արձանագրել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, վթարը տեղի էր ունեցել  շվեյցարական Վալեի  Սյեր քաղաքի շրջանում` մարտի 13-ին: Ավտոբուսը, որում գտնվել է 52 մարդ, կորցրել է կառավարումը եւ բախվել թունելի պատին: Վթարի զոհ է դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխաներ: Եւս 24 դպրոցականներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ: Ավտոբուսում գտնվել է 52 մարդ` երեխաները եւ նրանց ուղեկցողները: Մահացել են նաեւ ավտոբուսի երկու վարորդները:

28 զոհերի մարմինները Բելգիայի ռազմաօդային ուժերի օդանավերով հասցվել են Բրյուսելի մոտ գտնվող օդանավակայան: Բելգիայում այսօր ազգային սուգ է հայտարարվել: