Կապանի «Prince» ռեստորանում, մարտի 15-ի երեկոյան կրակոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել:

Aravot.am-ի փոխանցմամբ, ռեստորանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանը եւ մի խումբ դաշնակցականներ ընթրելիս են եղել, երբ նրանց սենյակից կրակոցի ձայն է լսվել: Ռեստորանի տերերը, որոնք ՀՀԿ տեղական շտաբի պատասխանատուներից են՝ ներս են մտել այդ սենյակ ու հարցրել, թե ով է կրակում: Ներկաներից մեկը փորձել է հանգստացնել իրավիճակը, սակայն ծեծկռտուք է սկսվել:

Րոպեներ անց եկել են ոստիկաններն ու բերման ենթարկել 2 հոգու՝ «Վիննի» մականունով մի երիտասարդի եւ Արմենչիկին, ով պատգամավորի հորաքրոջ տղան է: Մոտ 10 հոգու տարել են ոստիկանություն:

Միջադեպի կապակցությամբ NEWS.am-ը զրուցեց հենց իր` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանի հետ, ով հաստատեց Կապանի «Prince» ռեստորանում ծեծկռտուքի մասին տեղեկությունը, սակայն հերքեց, որ կրակոց է հնչել: Նրա խոսքով, պարզապես, սեղանի շուրջ հավաքվածները խմել են եւ անհամաձայնություն է առաջացել, ինչի արդյունքում թեթեւակի խժդժոց է առաջացել:

«Ընկերներով հավաքված  մեզ համար հաց ենք կերել: Ըտենց մի թեթեւ խմել են քաշքշուկ է առաջացել: Թյուրիմացություն էր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ծեծկռտուքի մասնակիցներին ոստիկանություն բերման ենթարկելուն, պատգամավորն արձագանքեց. «Ձերբակալվածներ չկան, զրույցի համար են ոստիկանություն հրավիրել: Ոստիկանությունն էլ իր գործն է կատարել, բայց հիմա ամեն ինչ նորմալ ա»:

Հարցին, թե ո՞րն է եղել  միջադեպի պատճառը, նա պատասխանեց. «Դե խմած մարդու պահվածք է, ես ինչ  իմանամ: Խմած մարդու համար ի՞նչ պատճառ: Մեկը մեկին խմած ժամանակ թարս է նայում»:

Գագիկ Գեւորգյանը նշեց, որ սեղանակիցները բոլորն իր ընկերներն են եղել: «Ուղղակի մի քիչ խմել, իրար չեն հասկացել: Դա ձեւավորված, մեծ սեղանների  «գեղեցիկ» հայկական ավանդույթ է»:

Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ միջադեպը ընտրություններից առաջ սադրանք լինի ՀՅԴ-ի դեմ, պատգամավորն ասաց. «Չէ, Կապանը նորմալ քաղաք է, ինչ ընտրություն, ինչ բան: Թյուրիմացություն է եղել: Հիմա Երեւանում չի պատահո՞ւմ, որ խմած մարդիկ օբյեկտներում իրար քաշքշեն: Այդպես, որ վերցնես Հայաստանի կեսին պետք է մեղադրես»:

Ի դեպ, սույն գործով ՀՀ ոստիկանության Կապանի բաժանմունքի ավագ քննիչ Ավետիք Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններից, պատճառաբանելով, որ զբաղված է: