Ֆինանսական շուկայում փետրվարին տեղի է ունեցել տոկոսադրույքների նվազում: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի մարտի վերաֆինանսավորման արձանագրությունում: Այսպես` մինչեւ 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքը առաջնային շուկայում կազմել է 8.9 %`նախորդ ամսվա  համեմատ նվազելով 1.7 տոկոսային կետով:

Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով եւ կազմել 7.7%: «Տոկոսադրույքներն աստիճանաբար նվազում են՝ դեկտեմբերին պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետեւանքով ժամանակավոր աճից հետո»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Նշենք սակայն, որ վարկային շուկայում ընդհակառակը տեղի է ունեցել վարկերի տոկոսադրույքների որոշ աճ` ինչպես դրամային վարկերի, այնպես էլ դոլարային վարկերի գծով (եթե հաշվի չառնենք մարտի 8-ի հետ կապված մի քանի ակցիաները): Մասնավորապես` փոքր բիզնեսի համար դոլարային վարկերի տոկոսադրույքը համարյա ամենուրեք բարձրացվել է մինչեւ 14 -15%, նախկին 12-13%-ի համեմատ: