Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է սկսել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը, որի համար նրան պետք է տեղափոխեն մասնագիտացված բժշկական հաստատություն` կալանավայրի սահմաններից դուրս: Այս մասին հայտնել է Տիմոշենկոյի դատապաշտպան Սերգեյ Վլասենկոն:
Նախկին վարչապետը հայցը Եվրոպական դատարանը արտահերթ է քննարկել: Տիմոշենկոն բողոքել էր իրեն քրեական պատասխանատվության ենթարկելիս մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման դեմ եւ պնդել, մասնավորապես, որ կալանավայրում իր պայմանները համարժեք չեն եղել, որ իրեն ոչ մի բուժում չեն տրամադրել, թեեւ ինքը առողջական խնդիրներ է ունեցել, հաղորդում է «Դնի.ռու»-ն:
Ուկրաինայի արդարադատության նախարար Ալեքսանդր Լավրինովիչն արդեն հայտարարել է, որ ոչ մի օրենսդրական խոչընդոտ չի տեսնում կալանավայրից դուրս Տիմոշենկոյի բուժման համար: Ինքը` Տիմոշենկոն ցանկություն է հայտնել բուժվել Գերմանիայում:
Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Յուլյա Տիմոշենկոն բժշկական հետազոտություն է անցել, որի կազմում ընդգրկված են եղել գերմանացի եւ կանադացի բժիշկներ: Հետազոտության արդյունքում, Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտնել է, որ Տիմոշենկոն ոչ վիրահատության կարիք ունի, ոչ` ստացիոնար բուժման:




























