Այսօր շարունակվել են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:
ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը թիվ 6 ընտրատարածքում պայքարելու է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանի դեմ: Թիվ 7 ընտրատարածքում առաջադրվել է հանրապետական, գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ թիվ 8-ում` նրա քրոջ փեսան` ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Թիվ 11 ընտրատարածքում առաջադրվել է Էդուարդ Մադաթյանը:
Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, իսկ թիվ 27 ընտրատարածքում նրա կուսակցական ընկերը` Մուրադ Գուլոյանը: Նա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամին է: Վերջինս էլ առաջադրվել է թիվ 28 ընտրատարածքում:
Թիվ 32 ընտրատարածքում առայժմ ինքնառաջադրվել են երկու անկուսակցականներ` Արտակ Միրզոյանն ու Էդուարդ Չատինյանը:
Թիվ 33 ընտրատարածքում փաստաթղթերն է ներկայացրել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
Թիվ 35 ընտրատարածքում Սամվել Բալասանյանի դեմ թեկնածությունն է առաջադրել Բալասանյանին պատկանող «Գյումրի-գարեջուր» ընկերության լաբորատորիայի վարիչ Հայկ Սուլթանյանը:
Թիվ 39-ում առաջադրվել են Ջերմուկ գործարանի սեփականատեր Աշոտ Արսենյանը եւ անկուսակցական Գորկի Գրիգորյանը:
Իջեւանի թիվ 41 ընտրատարածքում ավելի վաղ առաջադրվածներին են միացել անկուսակցական Սպարտակ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Վահե Վարդապետյանը:


























