Խաղաղ աֆղանացիների սպանության մեջ կասկածվող սերժանտի անունն է Ռոբերտ Բեյլս: 38-ամյա սերժանտին արդեն Քուվեյթից տարել են ԱՄՆ, որտեղ նա կպահվի  Կանզաս նահանգի Ֆորթ Լիվենվորթ կայանի ռազմական խիստ ռեժիմի բանտում: Այդ մանրամասները հաջողվել է պարզել BBC կազմակերպությանը:

Բեյլսի փաստաբան Ջոն Հենրի Բրաունը մարտի 16-ին պատմել է , որ իր հաճախորդը երկու անգամ վիրավորվել է Իրաքում ծառայության ընթացքում: Նա ավելացրել է, որ Քանդահար նահանգի աֆղանական գյուղի  բնակիչներին կրակելուց մեկ օր առաջ մեղադրյալը ականատես է եղել, թե ինչպես են պոկել իր ընկերոջ ոտքը: ISAF-ի հրամանատարությունը չի մեկնաբանում այս տեղեկությունը: 

Ավագ սերժանտ Բեյլսին մինչ այժմ պաշտոնական մեղադրանքներ չեն ներկայացվել: Նա խաղաղ բնակիչների սպանության գործում միակ կասկածյալն է, թեպետ աֆղանական կողմը պնդում է, որ նա համախոհներ է ունեցել: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ զինծառայողին կարող է մահապատիժ սպառնալ: Նրա նկատմամբ դատավարությունն, ամենայն հավանականությամբ, կտեւի տարիներ: