ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան 2012» զորավարժությունների ընթացքում մարտի 16-ին կորել է կապը Նորվեգիայի ռազմաօդային ուժերի օդանավերից մեկի հետ: Մեքենայի հետ կապը կորել է, երբ այն գտնվել է Քիրունից մոտ 100 կմ հեռու: Օդանավում գտնվել է 5 մարդ:
Շվեդիայի Քեբնեքայսե լեռան շրջակայքում նորվեգական կորած օդանավի որոնումներն իրականացնող փրկարարները մարտի 17-ի գիշերը հայտնել էին մետաղական բեկորների հայտնաբերման մասին, որոնք նման են կորած օդանավի մասերին:
Բեկորները գտնվել են երկու հազար մետր բարձրության վրա, Քեբնեքայսե լեռան գրեթե գագաթին: Ըստ փրկարարների հաշվարկների` ցամաքային ճանապարհով այնտեղ հասնելն անհնարին է, հայտնում է rbc-ն:
Օդանավը թռիչք է գործել ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան 2012» զորավարժությունների (Cold Response 2012) շրջանակներում, որում մասնակցել են ավելի քան 16 հազար զինծառայողներ Դաշինքի 14 անդամ երկրներից: Ռուսական կողմն իր սահմանների մոտ տարվող «վերջին տասնամյակների ամենախոշոր զորավարժություններն» արդեն որպես սադրանք է որակել:




























