Բելառուսի հատուկ նշանակության ջոկատը գրոհով վերցրել է « МММ -2011» ֆինանսական բուրգի Մինսկի մասնաճյուղը:

Հանրապետության Պետանվտանգության կոմիտեն կարծում է, որ խաբեբաներին հաջողվել է տիրանալ Բելառուսի հազարավոր քաղաքացիների միջոցներին, ինչի արդյունքում  ստացել է 500 միլիոնից ավելի բելառուսական ռուբլու շահույթ` 60 հազար դոլարից ավելի: Ներկա պահին կասկածյալները կալանքի տակ են, նրանց հաշիվները, համակարգիչները եւ գրասենյակային տեխնիկան` արգելանքի տակ, հաղորդում է «Վեստին»:

Բելառուսական ՊԱԿ-ի մամուլի ծառայության պետ Արթուր Ստրեխը պատմել է, որ «МММ -2011» կազմակերպությունը գրանցված չի եղել ոչ հարկային մարմիններում, ոչ Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարարությունում, քանի որ նրանք ներկայացել են իբրեւ մարզական վիճակախաղային ակցիաներ անցկացնող կազմակերպություն: «Այսինքն, փաստացի նրանք հանրապետության տարածքում զբաղվել են ապօրինի գործունեությամբ», - հայտարարել է նա:

Միաժամանակ, Մոսկվայի Խամովնիկի դատարանը նոր բուրգի հիմնադիր Սերգեյ Մավրոդիի ձերբակալությունը  ճանաչել է օրինական:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մոսկովյան շրջանի Խամովնիկի համաշխարհային դատարանը հինգ օրով բանտարկել է МММ ֆինանսական բուրգի սկանդալային հայտնի հիմնադիր Սերգեյ Մավրոդիին: Առիթ է դարձել 1000 ռուբլու տուգանքը չվճարելը:

Մավրոդին հունվարի 10-ին իր վիդեոբլոգում հաղորդել էր МММ-2011-ի նախագծի նոր գաղափարի մասին` «Մենք շատ բան կարող ենք անել» անվանմամբ:

Հիշեցնենք, 90-ականներին МММ -ի գործունեությունից 10-ից 15 միլիոն մարդ էր տուժել, իսկ հասցված վնասը գնահատվում էր մի քանի միլիարդ դոլար:

2003թ. Մավրոդին դատապարտվել է 13 ամսվա ազատազրկման, իսկ 2007-ին` եւս չորսուկես տարվա: Նա բերդից դուրս է եկել  2007թ. Մայիսին: Այդ ժամանակվանից դատական կարգադրիչները պարբերաբար վաճառում են նրա գույքը` МММ-ի գործունեությունից տուժած ռուսների պարտքերը հատուցելու շրջանակում: