ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ հանդես են եկել հայտարարությամբ` հարգելով 1988-1990 թվականներին Ադրբեջանում ազգայնականների կողմից հայ բնակչության դեմ կազմակերպած ջարդերի զոհերի հիշատակը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Վուլֆը, Ջուդի Չուն, Դեւիդ Չիչիլինեն, ԱՆնա Իշուն, Ադամ Շիֆը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Մայքլ Բերջեսը, Ֆրեք Փալոուն կրտսերը, Ռոբերթ Դոլդը եւ Ջիմ Կոստան դատապարտել են այդ գազանությունները եւ նշել, որ մարդկության դեմ գործված հանցագործությունները չպետք է չճանաչված մնան:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական հզորության ավելացման եւ անընդհատ պատերազմ հրահրելուն միտված գործողությունների հետ կապված, ինչը խախտում է տարածաշրջանի կայունությունը եւ սպառնալիքի տակ դնում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը:
ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի անդամներին` ԼՂ ազատության համար նրանց կարեւոր աջակցության համար: Իր նամակում Ռոբերտ Ավետիսյանն ընդգծել է, որ կոնգրեսականների հայտարարությունը ազդակ է ուղղված այն մասին, որ «ռասիզմը եւ ցեղասպանկան գործողությունները չեն կարող վաղեմության ժամկետ ունենալ»:




























