«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանի եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարաբերությունները չեն լարվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուսաննա Աբրահամյանը: «Դա հերթական բամբասանքն է, բացահայտ կեղծիք, հերյուրանք: Իմ եւ տիկին Բիշարյանի հարաբերությունները միշտ եղել են լավ, դրական եւ այսօր էլ շարունակվում են»,- նշեց նա:
NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՕԵԿ համամասնական ցուցակում Հեղինե Բիշարյանն ուսուցչուհի ընկերուհին չկա, իսկ Սուսաննա Աբրահամյանը ընդգրկված է, թեեւ առայժմ չհաջողվեց պարզել, թե որ հորիզոնականում է նա:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՕԵԿ-ում ցուցակի հետ կապված տարաձայնությունները շարունակվում են, այս անգամ էլ վեճ է ընկել կանանց մեջ: «Ինչպես արդեն հայտնի է, ցուցակի առաջին կինը լինելու է Հեղինե Բիշարյանը. տարաձայնությունը երկրորդ տեղի հետ է կապված, որի համար պայքարում է ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: Վեճը հասել է այնտեղ, որ երբեմնի մտերիմներ Հեղինե Բիշարյանն ու Սուսաննա Աբրահամյանը միմյանց հազիվ են բարեւ տալիս, իսկ Բիշարյանը ՕԵԿ-ի մամուլի խոսնակին էլ առաջվա նման չի գովում»,- գրել էր թերթերից մեկը` նշելով, որ Հեղինե Բիշարյանը ցանկանում է, որ ՕԵԿ ցուցակի երկրորդ կինը դառնա իր ուսուցչուհի ընկերուհին, որի հետ ժամանակին աշխատել է Երեւանի թիվ 191 դպրոցում:




























