«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր կարգախոսներից է` «Խաղաղություն երկրի ներսում, խաղաղություն սահմաններում»: Այս մասին այսօր` մարտի 17-ին, ԲՀԿ գամագումարի իր ելույթում ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով երկրի ներսում համերաշխության խնդրին:
«Հաջողության է հասնում այն երկիրը, որը կարողանում է համերաշխության մթնոլորտ ձեւավորել երկրի ներսում: Իմ ելույթներում բազմիցս շեշտել եմ, որ ո’չ ես, ո’չ ԲՀԿ-ի որեւէ, անդամ երբեք հադես չենք գալու թշնամանքի դիրքերից, որեւէ կուսակցության, որեւէ գործչի հանդեպ: Մեր գլխավոր խնդիրն է` երկրում հաստատել համերաշխության մթնոլորտ , ստեղծել քաղաքակիրթ բանավեճների մշակույթ, լսել միմյանց տեսակետներն ու փաստարկները: Մեր երկրի ներսում մենք չպետք է փնտրենք թշնամիներ: Ես ուզում եմ հավատալ, որ մայիսի 6-ի ընտրություններից մենք մեզ կզգանք ավելի համախմբված քանզի ես վստահ եմ, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու խնդիրը համախմբելու է քաղաքական ուժերի մեծ մասին: Ես կրկին հայտարարում եմ, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար մեզ անհրաժեշտ է լայն համախմբում»,-ասաց նա:
Ծառուկյանն անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրությունների խնդրին, նշելով.
«Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ եւ արդար: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավերներ են մեր երկրի համար: Մեզ պետք է, ոչ թե թշնամանք, այլ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք, որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է արդար մրցակցություն: Արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ամբողջ քաղաքական դաշտը հասարակությունը եւ, եթե մեզ հաջողվի նման մթնոլորտ ստեղծել հավատացնում եմ ձեզ, որ որեւէ անլուծելի խնդիր մեր պետությունը չի ունենա: Իրապես առաջիկա ընտրություններից է կախված, թե ինչպիսի երկիր ենք մենք ունենալու, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ընտրությունները արդար եւ վստահելի լինեն բոլորի համար եւ մեր քաղաքացիները զգան, որ իր քվեն պահպանվել է:Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք անելու ենք հնարավորը ընտրողի քվեն պաշտպանելու համար, ընտրողի իրավունքը պաշտպանելու համար: Եվ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր պատրաստ են մեզ հետ պայքարել հանուն ազատ եւ արդար ընտրությունների, մենք համարում ենք մեր դաշնակիցներն ու գործընկերները: Մեր բոլորի գերխնդիրը մեկը պետք է լինի` առաջիկա ընտրությունների արդար եւ արժանապատիվ անցկացումը:
ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է մեր ժողովրդի վստահությունը հավատն ու հույսը արդարացնելու համար: Դա մեզ համար, մասնավորապես ինձ համար ամենամեծ պատասխանտվությունն է: Ես մշտապես ասել եմ, որ մտնելով քաղաքականություն, գործիչը պետք է պատրաստ լինի ստանձնելու պատասխանատվություն հասարակության համար եւ նրանց հուսախաբ չանելու: Մենք երբեք ժողովրդին հուսախաբ չենք արել եւ չենք անելու: Ես շնորհակալ եմ ձեզանից այս տարիների վստահության, աջակցության եւ ընդունման համար:Համոզված եղեք մենք արդարացնելու ենք ձեր հույսերը եւ վստահ ենք, որ մենք ունենալու ենք բոլորի երազած Բարգավաճ Հայաստանը»:




























