Աֆղանական կողմը շարունակում է պնդել, որ մարտի 11-ին հարավային Քանդահար նահանգում խաղաղ բնակչության սպանության մեջ մասնակցել է ոչ թե մեկ, այլ ամերիկյան զինծառայողների մի ամբողջ խումբ:
Նախօրեին` Քաբուլում զոհվածների հարազատների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել էր նաեւ Աֆղանստանի զինված ուժերի գլխավոր գրասենյակի ղեկավար գեներալ Շիր Մոհամադ Քարիմին, ավելացնելով, որ սպանությունը ծրագրավորված եւ կանխամտածված բնույթ է ունեցել:
Ըստ նրա` նա հրատապ խնդրանքով բազմիցս դիմել է Քանդահար նահանգում ԱՄՆ-ի հրամանատարությանը թույլատրել իրեն հանդիպել այն սերժանտի հետ, որը, ըստ ՆԱՏՕ-ի տարբերակի, միայնակ է սպանել այդ բոլոր խաղաղ բնակիչներին: Սակայն նրան կտրականապես մերժել են, հայտնում է ՆՏՎ-ն:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը նույնպես հայտարարել էր, որ Փանջվաիում գործող բազմաթիվ հանձնաժողովների եզրակացությունները վկայում են այն մասին, որ այնտեղ բացահայտ գործել է ամերիկացիների խումբ, այլ ոչ թե մեկ զինվորական: Կոտորածի զոհերի հարազատները Քարզային պատմել են, որ ամերիկացիների պատժիչ գործողությանը մասնակցել է նաեւ ավիացիան, իսկ ավելի կոնկրետ` ռազմական ուղղաթիռներ, որոնցով էլ եկել են մարդասպանները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, շրջանում, որտեղ սպանվել էին 16 խաղաղ բնակիչները, մի քանի օր աշխատած Աֆղանստանի խորհրդարանական հանձնաժողովը եկել է այն եզրակացությանը, որ հրաձգությանը մասնակցել են մինչեւ 20 ամերիկյան զինվորներ, այլ ոչ թե մեկ, ինչպես որ հայտնել էր ամերիկյան հրամանատարությունը:
Հանձնաժողովի անդամներից մեկը նշել էր, որ գյուղերը, որոնցում տեղի էր ունեցել սպանությունը, գտնվում են ամերիկյան ռազմակայանից կես կմ հեռավորության վրա: Մեկ զինվորը չէր կարող սպանել եւ վիրավորել այդքան շատ մարդկանց երկու բնակավայրերում միաժամանակ` ընդամենը մեկ ժամվա ընթացքում:




























