Նիգերիայում քրիստոնյաները կրկին հարձակման են ենթարկվել մահմեդական ծայրահեղականների կողմից: Քրիստոնյաների գյուղի վրա հարձակման հետեւանքով մահացել է 10 մարդ, այդ թվում հոգեւոր հովիվը:
Հարձակման է ենթարկվել Զոնկվա քաղաքի մոտ գտնվող Նայի գյուղը: Շրջանը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը, քրիստոնեական անկլավ է Նիգերիայի հյուսիսում, շրջապատված մահմեդականներով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Վերջին ամիսներին մահմեդական ծայրահեղականները ակտիվացրել են հարձակումներն այլադավանների նկատմամբ, փորձելով բռնության միջոցով միակրոն միջավայր ստեղծել Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրի հյուսիսում: Վիճակագրական տվյալների համաձայն, 160 միլիոն բնակչություն ունեցող Նիգերիայում քրիստոնյաների ու մահմեդականների թվաքանակը գրեթե հավասար է:
Կրոնական ֆանատիկները ակտիվացել են, երբ 2011-ի ապրիլին երկրի նախագահ է ընտրվել քրիստոնյա Գուդլաք Ջոնաթանը:




























