Նացիստական հանցագործ Իվան Դեմյանյուկը, ով մեղավոր էր ճանաչվել Լեհաստանի տարածքում Սոբիբորի համակենտրոնացման ճամբարի գերիների զանգվածային սպանության մեջ, վախճանվել է Գերմանիայում, 91 տարեկան հասակում:
2011թ. նա Գերմանիայում դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: Դատարանը համարել էր, որ Դեմյանյուկին չի կարելի մեղադրել ոչ մի որոշակի հանցագործության մեջ, բայց նա մեղավոր է, որ հսկիչ է աշխատել գրավված Լեհաստանի համակենտրոնացման ճամբարում: Դատական իշխանությունները թույլատրել են նրան մնալ ազատության մեջ` նախքան նրա գործի բողոքարկման ավարտը:
Դա հանգեցրեց նրան, որ Դեմյանյուկը, որը մեղավոր էր ճանաչվել մարդկության դեմ հանցագործության եւ 28 հազար հրեաների ցեղասպանությանը մասնակցելու մեջ, մեկնել է ոչ թե բանտ, այլ գերմանական Ալպերում գտնվող Բադ Ֆայնբախ քաղաքի տարեցների հարմարավետ տուն, հաղորդում է NEWSru.com-ը:
Ծերանոցում մնալու մեկ ամիսն արժե 1,7-2,9 հազար դոլար, ընդ որում` նրա փոխարեն վճարել է պետությունը:
Bild-ի տվյալներով, Դեմյանյուկը ապրել է 18քմ մակերեսով սենյակում` գյուղական ոճով կառուցված ժամանակակից շինության առաջին հարկում: Սովորական հարմարություններից բացի, տարեցների տանը կա նաեւ հանգստի գոտի, ջրավազան եւ բաց ձեղնահարկ: Հաստատությունում աշխատում են բուժական ֆիզկուլտուրայի մասնագետներ եւ ոտնահարդարներ, բնակիչներին պարբերաբար սպասարկում է վարսահարդարը:




























