Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից առաջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ֆիլմ է նկարահանում թուրք ռեժիսոր Հաքան Ալաքը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Հրանտ Դինքին սպանության տանող զարգացումների վերաբերյալ ֆիլմի հեղինակ Հաքան Ալաքը նշել է, թե ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները տեւել են մոտ 2,5 տարի, իսկ նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսից։ Նա նշել է, թե ֆիլմի սցենարի հեղինակն է Էրսին Քայան, իսկ դերասանների անունները դեռ չի կարող հայտնել, քանի որ դեռ վերջնական համաձայնություն չկա։

Հաքան Ալաքի խոսով՝ իրենք ֆիլմի համար խորհրդատու չեն վերցրել՝ ֆիլմի սցենարն անկողմակալ ու ազատ ներկայացնելու համար։ «Ֆիլմը պատմելու է ոչ թե սպանության, այլ՝ սպանության տանող զարգացումների մասին։ Ֆիլմը կառուցվելու է այն տեսակետի շուրջ, որ Դինքի մահվան հետ կապված դատարան չուղարկված մի տեսագրություն եւ մի ականատես կար։ Ֆիլմում հարցադրումը սրա հետ է կապված լինելու»,-նշել է Հաքան Ալաքը։