Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը հասարակությանը կոչ է արել բոյկոտել НТВ հեռուստաալիքը: Այդ մասին նա հայտարարել է` հանդես գալով այսօր` մարտի 17-ին, Պուշկինի հրապարակում կայացած հանրահավաքում: Դեմարշի առիթ է դարձել այս հեռուստաալիքով ցուցադրված ` ընդդիմությանը մերկացնող «Բողոքի անատոմիան» ֆիլմը:
Նեմցովը հայտարարել է, որ մեկ-երկու միլիոն մոսկվացիների կողմից բոյկոտը հեռուստաընկերությանը լուրջ վնաս կհասցնի: Նա հայտնել է, որ Facebook-ում արդեն ստեղծվել է «Ես չեմ դիտում НТВ» անվանումով խումբը:
Բացի բոյկոտից, քննարկվում է նաեւ հեռուստաալիքի գովազդատուներին բողոքի նամակներ ուղարկելու գաղափարը: Եթե գովազդատուները շարունակեն համագործակցել НТВ-ի հետ, ընդդիմադիրներն արդեն կբոյկոտեն նրանց արտադրանքը:
Մարտի 18-ին ակտիվիստները ծրագրում են պիկետ կազմակերպել «Օստանկինոյի» մոտ:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, «Բողոքի անատոմիա» ֆիլմը ցուցադրվել էր մարտի 15-ին: Ֆիլմը պատմում է խորհրդարանական ընտրություններից հետո Մոսկվայում անցկացվող հանրահավքների մասին: Նշվում է, որ մարդկանց մի մասը դրանց մասնակցել է որոշակի վարձատրության դիմաց:




























