«Ժառանգություն» կուսակցությունը վաղը`մարտի 18-ին խորհրդի նիստ է գումարելու, որի ընթացքում էլ հաստատվելու է կուսակցության համամասնական ընտրացուցակը, նաեւ որոշում կկայացվի, թե մեծամասնական ընտրակարգով ովքեր են առաջադրելու իրենց թեկնածությունը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանը հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը` կուսակցության այս կամ այն անդամի մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու վերաբերյալ: «Քանի դեռ վերջնական որոշում չկա, չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել: Մարդիկ պետք է վաղը հստակեցնեն` առաջադրվո՞ւմ են, թե՞ ոչ, նաեւ կուսակցությունը հայտնի իր դիրքորոշումը»,- նշեց Սաֆարյանը` չբացառելով, որ ինքն էլ կարող է առաջադրել իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն առաջադրվելու է թիվ 9 ընտրատարածքում, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` թիվ 6 ընտրատարածքում: Շրջանառվում են նաեւ Լարիսա Ալավերդյանի եւ Անահիտ Բախշյանի անունները:

Նշենք, որ հավանական է, որ «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» հանդես գան միասնական դաշինքով եւ միասնական ցուցակ ներկայացնեն: