NEWS.am-ը ներկայացնում է անկախ վերլուծաբան Սորայա Սեպահպուր-Ուլրիխի հոդվածը` հրապարակված Գլոբալիզացիայի ուսումնասիրության Կանադական կենտրոնի կանքում: Հոդվածը տպագրվում է որոշ կրճատումներով:
2009 թ. ԱՄՆ դեսպանատան ճեպագրերից մեկում Ադրբեջանի նախագահ Իիլհամ Ալիևը համեմատվում էր մաֆիայի առաջնորդի հետ: Համեմատությունը հաջող է, եթե հաշվի առնենք, որ Ալիևը և ադրբեջանական քաղաքական վերնախավը ապրում է «մաֆիայի առաջատար» Իսրայելի պաշտպանության տակ: Այդ պաշտպանությունն էժան չէ, և վերջին ստահոդ հնարքը` Ադրբեջանի 22 քաղաքացիների ձերբակալությունը, որոնք իբր «պատրաստվել էին Իրանում» ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ահաբեկչությունների համար, այդպիսի հատուցման վերջին օրինակն է: «Մաֆիայի պարագլխի» պաշտպանությունն արժանի է ուշադրության: Ալիևը` կոռումպացված բռնապետը, որն իշխանության է եկել ընտրակեղծիքով 2003 թ., կարողացավ ճանապարհվել Վաշինգթոն 2006 թ-ին և առանձնազրույց անցկացնել նախագահ Բուշի հետ` իսրայելական լոբբիի ջանքերի շնորհիվ: Ադրբեջանական շահերն առաջ էին տարվում իսրայելական լոբբիի շնորհիվ (ինչը ներառում էր հակահայկական դիվանագիտություն), եւ դա ամրապնդեց այն կարծիքը, որ «Վաշինգտոնի ճանապարհը Իսրայելով է գնում»:
Թեև Իսրայել հասնող նավթի մեծ մասն ադրբեջանական է, սակայն Իսրայելը շահագրգռված էր նաև նավթի վերահսկման մեջ: Այդ պատճառով, թեև Կասպյան տարածաշրջանի նավթային ընկերությունները կողմ էին ավելի կարճ և էժան տարբերակին` Իրանի տարածքով, Իսրայելը պնդեց արհեստականորեն երկարացված Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղը, որի ավելի քան 1700 կիլոմետրն անցնում է լեռնային տարածքներով` շրջանցելով Ռուսաստանն ու Հայաստանը: Այս թանկարժեք նախաձեռնությունը նաև նպատակ ուներ հասկացնել Թուրքիային, որ Իսրայելի հետ դաշինքը լիակատար կերպով հատուցվում է:Ըստ մեջբերման, «ВР»-ի նախկին գործադիր տնօրեն լորդ Բրաունը հայտարարեց, որ ամբողջ այդ սխեման գոծարկվել էր` ելնելով Իսրայելի շահերից: Բրենդա Շաֆֆերը, ով ակտիվ դեր էր խաղացել խողովակաշարի առաջխաղացման մեջ, այդպես դա ձևակերպեց. «Աճում է պահանջարկն Ասիայում: Եթե Իսրայելն այդ առումով լինի խելացի, նա կկարողանա այն վաճառել ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական առումով` բարելավելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»:
Շաֆֆերը նաև համարում է, որ կասպյան նավթը (մասնավորապես` ՕՊԵԿ-ից դուրս գտնվող Ադրբեջանի և Ղազախստանի) նյարդայնացնում է Սաուդյան Արաբիային և ՕՊԵԿ-ին, որովհետև իրենց քաղաքականությունը չեն համակարգում դրա հետ:Այդ պլանները հնարավոր դարձան` շնորհիվ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքների: Սեպտեմբերի 11-ն ամեն ինչ փոխեց, ինչպես ասաց ադրբեջանական արտաքին քաղաքականության առաջատար մասնագետներից մեկը. «Իրավիճակը կտրուկ փոխվեց սեպտեմբերի 11 -ից հետո` կապված Կենտրոնական Ասիայում, Վրաստանում և Ադրբեջանում ամերիկյան ներկայության հետ: Ամերիկայի ստվերի տակ գտնվելը նշանակում է, որ Ռուսաստանն ու Իրանը չեն միջամտի: Մենք կարող ենք լինել ավելի համարձակ»:Ավելի համարձակ` հնարավոր է, սակայն նորահայտ համարձակությունը ոչ մի հիմնավորում չունի, և ադրբեջանական ժողովրդի կարիքներին ոչ մի ուշադրություն չի դարձվում:
Ասիմ Մոլլազադեն` ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջին նախագահը և հայտնի ընդդիմադիր թեկնածուներից մեկը, ասում է, որ Ադրբեջանը ստանում է նավթային ռոյալթիների միայն 10%-ը: Իր խոսքով, երկրի 42%-ն ապրում է աղքատության շեմից ցած, իսկ նավթային գումարները ներքև չեն ներթափանցում: Այդպիսի գին է վճարվում, որ Վաշինգթոնը ձևացնի, թե ուրախությամբ է ընդունում ադրբեջանական բռնապետին: 2002 թ. JTA-ն մեջբերեց Ադրբեջանում Իսրայելի դեսպանի սիրված անեկդոտը. «Հրեա՞ ես: Ոչ, ուղղակի խելացի եմ երևում»: Որքան էլ վիրավորական լինի այդ կատակը, բայց ռուսների օտարումը, Սաուդյան Արաբիայի հետ մրցակցությունը և միանգամից 22 ահաբեկիչներին «գրպանից հանելը» «խելացի չի թվում»:




























