Նյու Յորքում «Գրավիիր Wall Street»-ը շարժման կեսամյա հոբելյանի նշումն ավարտվել է ձերբակալություններով:Հոբելյանն ակտիվիստները որոշել էին նշել մի շարք միջոցառումներով:
Ինչպես հաղորդում է AFP-ն, բողոքի ակցիաների մասնակիցները երթով շարժվել են դեպի Ուոլ սթրիթ: Երթի ընթացքում մոտ 15 մարդ է ձերբակալվել, ոստիկանության երեք սպա էլ վիրավորվել է: Այնուհետեւ, մարտի 17 -ի երեկոյան, շարժման մոտ 600 մասնակիցներ դուրս են եկել Զուկոտի զբոսայգի` այնտեղ վրաններ խփելու նպատակով: Սակայն կեսգիշերին մոտ սկսվել են ձերբակալությունները: Ոստիկանները կես ժամվա ընթացքում մաքրել են տարածքը: Ոչ պաշտոնական տվյալներով, Զուկոտիում ձերբակալվել է ավելի քան 50 մարդ:
Նշենք, որ Wall Street-ը փողոց է Մանհեթենի շրջանում` Նյու-Յորքում, որտեղ գտնվում է Նյու-Յորքյան ֆոնդային բորսան (NYSE). այն համարվում է ԱՄՆ-ի ֆինանսական կենտրոնը: 2011-ի սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստներ փորձել են ուժով գրավել բորսան: Հենց այդ օրն էլ ընդունված է համարել « Wall Street-ի գրավում» շարժման ծնունդը: Հարյուր հազարավոր մարդկանց բողոքները ուղղված են եղել ֆինանսական ինստիտուտների դեմ, առաջին հերթին բանկերի դեմ:Շարժումը ընդգրկել է տասնյակ քաղաքներ: Շարժման մասնակիցների ամենատարածված կարգախոսն է «մենք 99 տոկոս ենք»: Նրանք դժգոհում են, որ ազգային հարստության մեծ մասը տնօրինում է ԱՄՆ-ի բնակչության ընդամենը մեկ տոկոսը:




























