Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոխվել, եւ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով: Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության հայտարարության մեջ:
«Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա:
Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իբրեւ միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն եւ ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ»,-նշված է հայտարարությունում:




























