Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հերքեց «Ժառանգություն» կուսակցության նախընտրական արշավին մասնակցելուց հրաժարվելու մասին լուրերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդյանը հայտարարեց, որ թիմի անդամ է եւ չի կարող հենց այնպես վերցնել ու գնալ:
«Ես թիմի անդամ եմ, եւ մինչեւ ընտրությունների վերջին օրը նրա հետ եմ լինելու: Ես չեմ հրաժարվել ընտրարշավին մասնակցելուց»,-նշեց նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչու նրա անունը ընդգրկված չէ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակի առաջին 25 տեղերում, Ալավերդյանն ասաց. «Իմ անունն ավելի ներքեւում է: Ես եմ այդպես ցանկացել: Ես կամ համամասնական ցուցակում»:Զրուցակիցը հրաժարվեց նշել, թե որ համարի տակ է ցուցակում գտնվում` դա պատճառաբանելով տարաբնույթ շահարկումների տեղիք չտալու հանգամանքով: «Տեղերի բաշխումը 25-րդ հորիզոնականից ներքեւ վերջնական չէ»,-նշեց նա:
Նշենք, որ վերջերս լրատվամիջոցներում տեղեկություններ կային այն մասին, թե Լ. Ալավերդյանը հրաժարվել է «Ժառանգության» հետ նախընտրական պայքարին մասնակցելուց: Նշվում էր, թե նա իբր կուսակցության խորհրդի նիստում շնորհակալություն էր հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին համագործակցության համար եւ հայտարարել, թե իր համար «անհասկանալի եւ անընդունելի է քաղաքական այն ուղղությունը, որով վերջին շրջանում շարժվում է կուսակցությունը»:Մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե իբր ինքը «վեր է կացել եւ համագործակցության համար երախտագիտություն հայտնելով... հայտարարել հեռացման մասին», Լ. Ալավերդյանը դա համարեց անհեթեթություն:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 18-ին «Ժառանգությունը» հրապարակել է մեծամասնական եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համամասնական ցուցակները, որոնցով կուսակցությունը պատրաստվում է մասնակցել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Մեծամասնական ցուցակի եւ համամասնականի առաջին 25 հորիզոնականների հետ հնարավոր է ծանոթանալ այստեղ:




























