Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարտի 19-ի գիշերը դաժան մարտեր են բռնկվել կառավարական զորքերի եւ Սիրիական ազատ բանակի միջեւ: Ըստ Reuters-ի տեղեկատվության` բախումներն ընթանում են Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում`  ալ Մեզեում:

Ըստ ականատեսների վկայությունների` երկու կողմից էլ կիրառվում են ականներ, նռնականետներ, թաղամաս է մտցվել ծանր հրետանի: Ալ Մեզեն Դամասկոսի ռազմավարական կարեւորագույն եւ ամենից շատ հսկվող թաղամասերից է, այստեղ տեղակայված են Սիրիայի անվտանգության ծառայության մի քանի օբյեկտներ, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին սիրիական զորքերը ճնշել էին ընդդիմադիր ուժերի ելույթները Դամասկոսի մերձակայքում:
Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաք Հալեպում մարտի 18-ին պետանվտանգության շենքի մոտ ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել էր երեք մարդու կյանք, եւս 25-ը վիրավորվել էին; Պայթյունը տեղի էր ունեցել քաղաքի քրիստոնեական թաղամասում, զոհվածների թվում հայուհի կա: 

Մեկ օր առաջ Սիրիայի մայրաքաղաքը, մեկ րոպե ընդմիջմամբ, ցնցվեց երկու հզոր պայթյուններից, որի զոհ էին դարձել առնվազն 27 մարդ, եւս շուրջ 140 մարդ տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին քաղաքի հիվանդանոցներ: