Ասիական երկրները գլխավորել են զենքի ամենախոշոր ներկրողների ցուցակը, որը կազմել է խաղաղության խնդիրների հետազոտության Ստոքհոլմյան ինստիտուտը: 2002-2006թթ. համեմատությամբ` զենքի գնման գործարքների ընդհանուր ծավալը 2007-ից մինչեւ 2011 թվականն աճել է 24%-ով: Ընդ որում, Ասիայի եւ Օվկիանիայի երկրներին բաժին է ընկել զենքի համաշխարհային ներկրման  44%-ը:

Ցուցակը գլխավորում է Հնդկաստանը. 2011 թվականին գործարքների ընդհանուր ծավալում նրա մասնաբաժինը կազմել է 10%: Նրան հաջորդում է Հարավային Կորեան (6%), Պակիստանը եւ Չինաստանը (5-ական տոկոս), Սինգապուրը (4%), հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:

Ինստիտուտի փորձագետներն ընդ որում կարծում են, որ  ասիական երկրները բոլորից շատ զենք գնելով, փորձում են զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը, որպեսզի նվազեցնեն արտաքին մատակարարներից կախվածությունը:

Ըստ  նրանց`   կայուն է մնում նաեւ սպառազինության մատակարար խոշորագույն երկրների հնգյակը: 2011 թվականին, ինչպես եւ նախորդում,  այն գլխավորում է ԱՄՆ-ը: Այնուհետեւ հաջորդում են, համապատասխանաբար, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: