«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է ադրբեջանական Գուբայի «Խայալ» հեռուստաընկերության գործադիր հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վուղար Գոնագովի, գլխավոր խմբագիր Զաուր Գուլիեւի, գովազդային մենեջեր Զաուր Մուստաֆաեւի, ինչպես նաեւ «Պոլիգոն» լրատվական գործակալության Գուբայի թղթակից Ջեմիլ Մեմեդլիի ձերբակալությունը:
«Այդ ձերբակալությունները ցուցադրում են իշխանության մարմինների տարակուսանքը` կապված Գուբայի դեպքերի հետ:
Տեղեկության համաձայն, իշխանությունները շարունակում են փնտրել տեսանյութի աղբյուրը, որը տեղադրվել է ինտերնետում եւ հարուցել տեղի բնակչության դժգոհությունը: Սակայն իշխանությունները պարտավոր են հարգել լրատվամիջոցների աշխատակիցների` ազատ կամարտահայտման եւ տեղեկության հաղորդման իրավունքը, եւ մենք խնդրում ենք, որ այդ լրագրողները հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,-մեջբերում է կազմակերպության հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Ենթադրվում է, որ լրագրողներին փորձում են պատժել YouTube-ում վիդեո տեղադրելու համար, որտեղ տեսագրվել էր գործադիր իշխանության նախկին ղեկավար Ռաուֆ Հաբիբովի սկանդալային ելույթը, ինչն էլ հանգեցրել էր մարտի 1-ի դեպքերին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ադրբեջանի հյուսիսային շրջաններից մեկում` Գուբայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունեցել: Տեղի բնակչությունը Շրջանի գործադիր իշխանության ղեկավարի անզգույշ արտահայտությունների հետեւանքով ոտքի է կանգնել եւ պահանջել նրա հրաժարականը: Գուբա են մտցվել ոստիկանական ջոկատներ եւ ՆԳՆ ուժեր, որոնք արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Բախումներ են տեղի ունեցել ներքին զորքերի աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ:
Ավելի ուշ գործադիր իշխանության ղեկավարը հրաժարական է տվել եւ հեռացվել պաշտոնից:




























