Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել կատարել մաոիստների պահանջները` իտալացի պատանդներին ազատելու համար: Հնդկաստանը շարունակում է իտալական կողմին տեղեկացնել պատանդների ազատման համար տարվող ջանքերի մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`հղում անելով տեղի մամուլին:

Ինչպես ավելի վաղ  հաղորդել էր NEWS.am-ը, Հնդկաստանի արեւելքում գտնվող Օրիսա նահանգում ապստամբ մաոիստները առեւանգել են իտալացի երկու զբոսաշրջիկների: Պաոլո Բորուսկոն եւ Կլաուդիո Կոլանջելոն մարտի 12-ին ուղեւորվել են անտառներում զբոսնելու եւ 2 օր անց առեւանգվել մաոիստ-գրոհայինների կողմից, որոնք նրանց ազատելու համար մի շարք պահանջներ են առաջադրել:

«Եթե կառավարությունը մտադիր է ազատել զբոսաշրջիկներին, ապա այն պետք է դադարեցնի բոլոր գործողությունները», - ասվում է առեւանգիչների հայտարարության մեջ:

Նշենք, որ մաոիստների խմբավորումը Հնդկաստանի տարածքում գործում է արդեն գրեթե 40 տարի: Վերջին 5 տարիներին նրանց հարձակումների արդյունքում շուրջ 2 հազար մարդ է զոհվել: Սակայն իտալացիների առեւանգումը զբոսաշրջիկների վրա հարձակման առաջին դեպքն էր: