Ոստիկանները շարունակում են զարգացնել այն վարկածը, ըստ որի Շվեյցարիայում վթարի ենթարկված բելգիացի երեխաներ տեղափոխող ավտոբուսի վարորդը բախումից մի քանի վայրկյան առաջ շեղվել է նրա համար, որպեսզի ձայնասկավառակ տեղադրի DVD-նվագարկչում: Հետաքննությունը եկել է այն եզրակացությանը, որ ձայնասկավառակ կարող է դրած լինել ոչ թե վարորդը, այլ ուսուցիչներից որեւէ մեկը, իսկ դա կարող էր շեղել վարորդին:
«Մի քանի երեխաներ հաստատել են, որ վթարից մի քանի վայրկյան առաջ նվագարկչում DVD է տեղադրվել, սակայն հայտնի չէ` ով էր դրանով զբաղվում: Ակնհայտ է, որ դա վարորդը չի եղել, այլ ուսուցիչներից մեկը, որը կարող էր շեղած լինել վարորդի ուշադրությունը», - ասվում է RTBF հեռուստառադիոընկերության հաղորդագրության մեջ:
Կատարվածի պատկերը վերականգնելու համար շվեյցարացի քննիչները մի քանի շաբաթ անց կժամանեն Բելգիա, որպեսզի հարցաքննեն վթարից փրկված երեխաներին: Մինչ այդ շվեյցարական ոստիկանությունը զբաղվում է վթարի ենթարկված ավտոբուսում ուղեւորների դասավորման սխեմայի կազմմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել մարտի 13-ի երեկոյան` Վալեի Սյեր քաղաքի շրջակայքում: Ավտոբուսն անհայտ պատճառով կորցրել էր կառավարումը եւ բախվել թունելի պատին: Պատահարի զոհ էին դարձել 28 մարդ, որոնցից 22-ը` երեխաներ: Ավելի քան 20 երեխա ստացել էր ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից երկու աղջնակ նախկինի պես գտնվում են արհեստական կոմայի վիճակում:
Մարտի 16-ին ռազմական ավիափոխադրամիջոցով Շվեյցարիայից Բելգիա են ժամանել պատահարից տուժած 20 երեխա, եւս 8-ը տեղափոխվել էին մեկ օր առաջ:
Մահացած երեխաների հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 21-ին եւ 22-ին:




























