Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կինշասայի գագաթաժողովում Հայաստանին կշնորհվի լիիրավ անդամի կարգավիճակ: Այդ մասին այսօր` մարտի 18-ին Երեւանում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյը: Նրա տեղեկացմամբ` Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերը նախորդում են Կինշասայի գագաթաժողովին: «Ֆրանսերենի իմացությունը կխորացնի եւ կդյուրացնի շփումները»,- ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Նշենք, որ ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում մեկնարկել են մարտի 16-ին` Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումով: Միամսյակը կեզրափակվի ապրիլի 13-ին` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «French-Bazar» փառատոնային ծրագրով նախատեսված մանկական մյուզիքլով ու համերգով:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ներառում է 56 անդամներ` պետություններ, կամ այս կամ այն երկրի որեւէ մաս: Կազմակերպության անդամ լինելու համար գլխավոր չափանիշը ոչ թե ֆրանսերենի տարածվածությունն է այդ երկրում (թեեւ դա ողջունվում է), այլ Ֆրանսիայի հետ մշակութային սերտ կապերը: Կազմակերպության կարգախոսն է` «հավասարություն, փոխլրացում, համերաշխություն» (ֆր.` «égalité, complémentarité, solidarité»):