Ֆրանսիական Թուլուզում, այսօր` մարտի 19-ի առավոտյան, մոլագարը հրեական դպրոցի մուտքի  մոտ կոտորած է կազմակերպել: Սկուտերով տեղաշարժվող չարագործի գնդակից չորս մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ:

Դատախազ Միշել Վալեն հաղորդել է, որ հարձակման զոհ են դարձել երեք, վեց եւ տասը տարեկան երեխաներ, ինչպես նաեւ քոլեջի 30-ամյա ուսուցիչը:  Դատախազի խոսքով` մի շարք հանգամանքներ թույլ են տալիս լրջորեն խոսել այս դեպքի եւ ավելի վաղ զինվորականների վրա կատարված հարձակման հնարավոր կապի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկուշաբթի օրը մարդասպանը 11.43 եւ 9 մմ տրամաչափի զենք է գործածել, այնպես, ինչպիսին օգտագործել է զինվորականներին սպանելիս: Ականատեսը պատմել է, որ սկուտերով մարդը սկզբում կրակել է ատրճանակից, իսկ երբ այն չի գործել, նա հանել է մեկ այլ զենք, հաղորդում է NEWSru.com-ը:

Վիրավորների թիվը դեռեւս անհայտ է: Որոշ տվյալներով` տուժել է աշակերտներից մեկի հայրը եւ Լիցեյի տնօրենի 8-ամյա դուստրը:

Սպասվում է, որ ողբերգության վայր կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Ֆրանսիայի գլխավոր րաբբի Ժիլ Բերնհեյմի ուղեկցությամբ; Պատահարի հետաքննությունը հանձնարարված է  ՆԳՆ-ի ղեկավար Կլոդ Գեանին:

Մարտի 11-ին Տուլուզի բնակելի թաղամասում սպանվել է ավագ սերժանտ 30-ամյա Իմադ Իբն Զիաթենը: Երբ զինվորականը կայանել է իր մոտոցիկլետը մարզահամալիրի մոտ, սկուտերիստը կրակել է նրա գլխին:  

Մարտի 16-ին` հինգշաբթի օրը, Տուլուզի մերձակայքի Մոնտոբանում անհայտ անձն սքուտերով հարձակվել է մի խումբ զինվորականների վրա, որոնք խմբված են եղել բանկոմատի մոտ: Երկու զինվորականներ զոհվել են, իսկ երրորդը գտնվոմ է ծայրահեղ վիճակում:

Ոստիկանությունը չի բացառում, որ բոլոր երեք դեպքերում էլ գործել է նույն մարդը; Այդ հանցագործությունների հետաքննությամբ զբաղվում են ոստիկանության մինչեւ 60 քննիչներ եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումներ, հայտնում է France24-ը: