Մերձմոսկովյան Շյոլկովոյում ալկոհոլի արտադրությամբ զբաղվող ընդհատակյա գործարանի աշխատանքի դադարեցման  ընթացքում  ադրբեջանցիները փորձել են դիմադրել իրավապահ մարմիններին: Անօրինական գործարանի տերերից մեկը, որը եկել էր Ադրբեջանից, իր համերկրացիներին հավաքել էր «աջակցող խմբի» կարգավիճակում, եւ նրանք փորձել են դիմադրել իրավապահներին: Ռուսաստանի ՆԳՆ-ի կաշառակերության հակազդման տնտեսական անվտանգության Գլխավոր վարչության մամլո ծառայությունում հաստատել են, որ սփյուռքի ամենաակտիվ ներկայացուցիչների նկատմամբ ստիպված են եղել ուժ կիրառել:  

Գործողությունը  համատեղ իրականացրել են ՆԳՆ-ի կաշառակերության հակազդման տնտեսական անվտանգության Գլխավոր վարչության եւ Մոսկովյան շրջանի ոստիկանության տնտեսական ստորաբաժանման աշխատակիցները: Առգրավվել է ավելի քան 1,3 միլիոն շիշ կեղծ արտադրանք: 

«Մոսկվայում, Օդինցովոյում եւ Մատիշինսկյան շրջանում գտնվող չորս պահեստների զննումից հետո  հայտնաբերվել է ավելի քան 1,3 շիշ կեղծ ալկոհոլ: Օղու եւ գինու կեղծ արտադրանքի տեսականին զարմանք է առաջացրել.  օղու էժանագին տեսակներից, գինուց եւ պորտվեյնից  մինչեւ  արտասահմանյան եւ հայրենական ապրանքանիշների վիսկիի, բրենդիի եւ կոնյակի էլիտար տեսականի», - պատմել են վարչությունում, հաղորդում է  «Վեստին»:

Առգրավված օրինակներն ուղարկվել են փորձաքննության` արտադրանքի որակը պարզելու համար:  Նյութերը փոխանցել են հետաքննչական մարմիններին` քրեական գործի հարուցման վերաբերյալ որոշում կայացնելու համար: