Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` մարտի 19-ին, քննարկել են «Արի տուն» եւ այլ ծրագրեր:
«Վերջին տարիներին «Արի տուն» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես դրսում բնակվող մեր պատանի հայրենակիցների, այնպես էլ մայրաքաղաքի դպրոցականների շրջանում: Մենք պատրաստակամ ենք համագործակցելու եւ քաղաքապետարանի լիազորութունների շրջանակում աջակցելու նախարարության ծրագրերին»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրանուշ Հակոբյանը կարեւորել է վարչական շրջանների դերն ու աջակցությունը երեխաների հյուրընկալման եւ առօրյայի հետաքրքիր կազմակերպման գործում:
« Ծրագիրը մեծ ոգեւորություն է առաջացրել սփյուռքում: Մենք շնորհակալ ենք մայրաքաղաքում բնակվող այն բոլոր ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում հյուրընկալել երեխաներին»,-նշել է Հրանուշ Հակոբյանը:
Ծրագրի իրականացման նպատակով կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարարը քննարկել են նաեւ «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի կազմակերպչական հարցեր, որի շրջանակում ամռանը նախատեսվում են բացօթյա համերգային ծրագրեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:



























