Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վիրավորել է լրագրողներից մեկին, ով հետաքրքրվել է, թե ինչու է ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառել մետալուրգ աշխատակիցների բողոքի ակցիան ցրելու ժամանակ:

Բանն այն է, որ նախօրեին ArcelorMittal գործարանի բարկացած աշխատակիցները, վախենալով կորցնել իրենց աշխատատեղերը, փորձել են գրոհել նախագահի Փարիզի նստավայրը: «Դուք երեւի կցանկանայիք խուսափել դրանից, այդպես չէ»,-Սարկոզիին հարցրել է LCI ալիքի նորությունների ծառայության լրագրողը, հարցնելով բանվորների եւ ոստիկանության միջեւ բախումների կադրերի մասին, որի ժամանակ հատուկ ստորաբաժանումները արցունքաբեր գազ են կիրառել:

«Ինչո՞ւ ես պետք է ուշադրություն դարձնեմ նրան, ինչի մասին դու ինձ ասում ես: Ի՞նչ ես ուզում դրանով ասել»,-լրագրողին պատասխանել է Սարկոզին:

«Ես չգիտեմ»,-արձագանքել է լրագրողը, «ով մի փոքր զարմացած է եղել նման դիտողությունից, նշում է The Local թերթը:

«Այ քեզ տխմար»,-ասել է նախագահը, հեռանալով լրագրողից եւ հավելելով, որ «նրա ժամանակն ավարտվել է»,-հայտնում է Gazeta.ru-ն:

Այնուհետեւ Սարկոզին փոշմանել է, վերադարձել եւ քարացած լրագրողին նկատի ունենալով  ասել. «Նա լավ տղա է, նա դեռ շատ երիտասարդ է», թփթփացնելով նրա ուսին: