Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն, այսօր` մարտի 19-ին, ընդունել է Ֆրանսիայի PACA (Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր) տարածաշրջանի պատվիրակությանը եւ համառոտ ներկայացրել նախարարության կառուցվածքն ու հիմնական գործառույթները։
«Բազմաթիվ ուղղություններով համագործակցում ենք ֆրանսիացի գործընկերների հետ եւ կարծում եմ, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Այն վերաբերում է ոչ միայն հրշեջ-փրկարարներին, այլ նաեւ ԱԻՆ-ում ընդգրկված այլ ծառայություններին»,-ասել է Արմեն Երիցյանը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի խորհրդական Իսաբել Գինելը նշել է, որ PACA պատվիրակության այցի հիմնական նպատակն է զարգացնել ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը։ Գինելն ավելացրել է, որ Ֆրանսիայի դեսպանը մեծ նշանակություն է տալիս ԱԻՆ-ի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն եւ բավական խոր արմատներ ունի։ Դեսպանությունը սերտորեն համագործակցում է ԱԻՆ-ի հետ` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ։
PACA տարածաշրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալեմանդը նշել է, որ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում։ Դրանցից մեկը Հայաստանում կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատների ստեղծումն է։
«Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված բոլոր հարցերում։ Լոռու մարզում արդեն ակտիվորեն իրականացվում են կամավորական հիմունքներով հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման աշխատանքները։ Դրանց հիմքում կդրվեն Ֆրանսիական համանման կառույցներում կիրառվող կազմակերպման մոտեցումները, - նշել է պարոն Ալեմանդը։
Հրշեջ կամավորական շարժման ներդրումը ոչ միայն կնպաստի արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանը, օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, այլեւ լուրջ սոցիալական խնդիր կլուծի` ապահովելով աշխատատեղեր, մասնավորապես հեռավոր շրջաններում ու գյուղերում։
ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նախարարության շենքում, այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։

























