Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետությունների  համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ)  երկրներին ոչնչացնել տարածաշրջանում բոլոր քրիստոնեական եկեղեցիները, քանի որ այդ տարածաշրջանում կարող է քարոզվել միայն իսլամը:

Շեյխ Աբդուլ Ազիզ բեն Աբդուլան նման հայտարարությամբ ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ  Քուվեյթի կառավարությունը նախազգուշացրել է եկեղեցիների կառուցման վերաբերյալ հնարավոր արգելքի սահմանման մասին, հայտնում է «Ռուսկիե էմիրատի» կայքը:

Սաուդյան Արաբիայի գերագույն մուֆթին Սաուդյան Արաբիայում սունիական հոգեւորականության ամենահեղինակավոր ներկայացուցիչն է, որը հանդես է գալիս կրոնական օրենքի անունից: Նա նաեւ գլխավորում է ուլեմների Գերագույն խորհուրդը եւ գիտական հետազոտությունների եւ ֆեթվների հրատարակման մշտական հանձնաժողովը: Երկու կառույցներն էլ միավորում են իսլամի տեսական եւ գործնական կողմերի հայտնի գիտակներին:

2012թ. փետրվարին քուվեյթական խորհրդարանականներից մեկը` Օսամա ալ Մունավերը, հայտարարել էր, որ ցանկանում է երկրում եկեղեցիների եւ այլ ոչ իսլամական պաշտամունքային շինությունների շինարարությունն արգելելու վերաբերյալ  առաջարկ ներկայացնել:

Ալ Մունավերը Twitter սոցիալական ցանցում հայտարարել էր երկրում բոլոր եկեղեցիների ոչնչացման մասին օրինագիծը իշխանությունների դիտարկմանը ներկայացնելու իր մտադրության մասին: Ավելի ուշ նա հստակեցրել էր, որ արդեն գոյություն ունեցող եկեղեցիները կարեի է թողնել, սակայն նորերի շինարարությունը պետք է արգելել: