Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաեւ փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու եւ օժանդակություն ցուցաբերելու համար:
Այնուհետեւ, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային եւ սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական եւ առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին:
Վարչապետ Սարգսյանը եւ Ասադ Ալամը քննարկել են նաեւ Հայաստանում եւ եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:



























