Թուրքիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Թուրքիայի մարդու իրավունքների միությանն է դիմել Օ.Ա.-անունով վարձու մարդասպանը՝ նշելով, թե իրեն խաբել են՝ չվճարելով իր ծառայության համար խոստացած 500 հազար լիրան (300 հազար դոլար) եւ ենթարկում են ճնշումների։
Թուրքական Taraf-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միությանը դիմած Օ.Ա.-ն նշել է, թե ինքը պայմանավորվածության համաձայն պետք է սպաներ գործարար Ռահմի Բոստանջըին, սակայն կրակոցից հետո գործարարը կենդանի է մնացել։ Վարձու մարդասպանը բողոքել է, թե իրեն չեն վճարել խոստացած 500 հազար լիրան եւ անընդհատ ճնշում են։ Օ.Ա.-ն հայտնել է նաեւ սպանության պատվիրատուների անունները, որոնց մեջ են նաեւ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։
Վարձու մարդասպանի նշած գործարար Ռահիմի Բոստանջըն հաստատել է մահափորձի մասին տեղեկությունը։
Նշվում է, որ վարձու մարդասպան Օ.Ա.-ն բանտում իր պատիժն է կրում այլ գործով։


























